ԻՆՔԴ ԱՆՈՒՇ
Էսօր Արազն ես գնացել,
Լողացել՝ փերի ես դարձել,
Խավարին շափաղ ես գցել
Անմահ հրեշտակի նման:
Ինքդ անուշ, խոսքդ անուշ, շունչդ անուշ,
Շրթունքներդ համբուրեցի՝ զգացի ամենքից անուշ:
Հագել ես վարդագույն ատլաս,
Փաթաթել վզիդ ալ ու խաս,
Պճնվել ես, կշողշողաս
Գարնան արեգակի նման:
Չունիմ գրիչ, լեզու ճարտար,
Գրեմ գովեմ անձիդ համար,
Դիտողիդ կանես շանթահար,
Ամառվա կայծակի նման:
Сайт создан в системе
uCoz